Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Գյումրին անհեռատես քաղաքականության ընդամենը մի մասն է»

«Գյումրին անհեռատես քաղաքականության ընդամենը մի մասն է»
01.03.2016 | 01:51

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում համերգով հանդես եկավ աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԸ` միանալով լուսանկարիչ ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ բարեգործական միջոցառումների ծրագրին:
«SOS Գյումրի» նախաձեռնության անդամ, լրագրող ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկ Բարսեղյանը շուրջ մեկ ամիս առաջ բրիտանական Crowdfunder կայքում հաշվեհամար է բացել` գյումրեցի 13 անօթևան ընտանիք բնակարանով ապահովելու նպատակով: Հայկին միացել են տարբեր անձինք` տարաբնույթ նախաձեռնություններով, և կազմվել է բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր: Արենի առաջարկով` մարտի 19-ին բարեգործական աճուրդ է անցկացվելու, վաճառվելու են մարզաշխարհի ներկայացուցիչների և հայտնի այլ անձանց նվիրաբերած խորհրդանշական իրերը: Երբ Տիգրան Համասյանին տեղեկացրել են աճուրդի մասին, նա սկզբում առաջարկել է իր վերնաշապիկը, ապա առաջարկել է համերգ տալ, որը մեծ ուրախությամբ ընդունվել է: Արեն Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում մոտ 3000 անօթևան ընտանիք կա, իրենց նպատակը ոչ միայն 13 ընտանիքը բնակարանով ապահովելն է, այլև պատկան մարմինների և բարերարների ուշադրությունը խնդրին սևեռելը:
Տիգրան Համասյանի համերգը տեղի ունեցավ Գյումրու ամենաաղքատ թաղամասի ժամանակավոր կացարաններից մեկում: Համերգից առաջ ու հետո քննարկումները չեն դադարում: Սիրված երաժշտին ուղղված հիացական խոսքերին գումարվում են զարմանքն ու վրդովմունքը: Երկրաշարժից 27 տարի անց «Ֆանտաններ» թաղամասը մայրաքաղաքից ու այլ մարզերից ժամանած հյուրերին տխուր հայտնության պես է ներկայանում` լքված, անբարեկարգ ու անմխիթար:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև ամերիկաբնակ երգահան, ծնունդով գյումրեցի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ: «Ինչպիսի՞ն էր Գյումրին մինչ երկրաշարժը և ինչպիսի՞ն է այսօր` երկրաշարժից 27 տարի անց». մեր առաջին հարցն այսպիսին էր: «Մինչ երկրաշարժը իր ներքին կոլորիտով, տեսակով, նիստուկացով շատ ամուր և ինքնատիպ քաղաք էր: Ես կխոսեմ Լենինականի մասին: Գյումրի անվանումը չեմ սիրում: Քաղաքային միջավայրի, կարևորության զգացողություն կար ու հպարտություն, որ լենինականցի ես: Անցյալ տարի ծննդավայրումս եղա ու տպավորություն կար, որ երկրաշարժը շարունակվում է, թեև գյումրեցին փորձում է պահել իրեն այնպես, ինչպես նախկինում էր: Բայց սակավամարդ է քաղաքը, դատարկված, արևամուտից հետո թվում է` միանգամից վերջանում է այստեղ կյանքը»,- ասաց Արմեն Մովսիսյանը, նշելով, որ ամռանը, երեկոյան ժամերին մի քանի կենտրոնական փողոցներում միայն կարելի է աշխուժություն նկատել` ծննդավայր ժամանած գյումրեցիների, զբոսաշրջիկների ներկայությամբ պայմանավորված:
«Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը մեր ամբողջ հայրենիքն է` սահմանամերձ գյուղերով, որոնք և ապահովում են մեր լինելությունը: Բավականին տխուր առօրյայով, գերկենտրոնացած մայրաքաղաք ունենալը վտանգավոր ու անհեռատես քաղաքականություն է: Գյումրին այդ անհեռատես քաղաքականության ընդամենը մի մասն է»:
Տիգրան Համասյանի համերգը ինչո՞ւ այսպիսի լայն արձագանք գտավ, երբ բազմաթիվ են բարեգործական միջոցառումները: Մեր այս հարցին ի պատասխան երգահանն ասաց, որ երբ իշխանավորներն ինչ-որ բան չեն անում, չի նշանակում, որ պիտի լվանանք մեր ձեռքերն ու մի կողմ քաշվենք: Ըստ նրա` շատերն են պատրաստ նեցուկ կանգնելու նման միջոցառումներին. «Մենք անհոգի չենք, սիրում ենք մեր երկիրը, ցավում ենք այս երկրի համար: Աղետի գոտու անօթևան ընտանիքները մեր ցավի մի մասն են: Իրականում մեր միջից չի վերացել մարդկայինը, մեր տեսակին հատուկ կամեցողությունը: Դա ինձ և՛ ուրախացնում է, և՛ հուզում, և՛ հուսադրում, որ ամեն ինչ վերջացած չէ»:
Երբ պաշտոնական տվյալներին ես նայում, թվում է` վերջնական լուծում է տրվել երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքները բնակարաններով ապահովելու խնդրին: Ավելին, բնակելի շենքերն ու տներն ավելի շատ են, քան եղել են մինչև երկրաշարժը: Տրամաբանակա՞ն է աղետի գոտի հասկացությունը` երկրաշարժից այսքան տարի անց:
Անդրադառնալով մեր այս դիտարկմանը` Արմեն Մովսիսյանն ասաց, որ մեր պաշտոնյաների հնչեցրած թվերը մի քիչ տարօրինակ են, հավանաբար նրանք հանրահաշվի գաղտնի կանոնների են տիրապետում. «Այդ դեպքում գուցե բացատրեն, թե ինչո՞ւ է այդքան մարդ անօթևան ու կարիքավոր: Ինչպե՞ս են առհասարակ հաշվարկ կատարում, օրինակ, պարզելու համար, թե քանի՞ մարդ է ապրում երկրում, քանի՞սն են արտագաղթում: Ինձ էլ է հետաքրքիր իրենց պատասխանը, բայց վախենում եմ, որ էլի կկեղծեն` մեղանչելով ճշմարտության դեմ»:


Բարեգործական համերգներ, տարատեսակ միջոցառումներ կազմակերպվում են աշխարհի բոլոր երկրներում: Ինքնին նման ակցիաները դրական են: Արմեն Մովսիսյանի երաժշտական ստուդիայի սաների հաշվետու համերգից գոյացած հասույթը նույնպես ուղղվում է բարեգործական նպատակների: Սակայն Համասյանի համերգը անհարկի քննարկումներից էլ զերծ չմնաց, քաջալերման խոսքերը երբեմն ուղղակի վիրավորում են հպարտ գյումրեցիներին` սրելով գյումրեցի-երևանցի հակամարտությունը:
«Չկան գյումրեցի, երևանցի հասկացություններ: Նույն հոգեբանությամբ տարանջատում են Հայաստանն ու Արցախը, մայրաքաղաքն ու սահմանամերձ գոտիները: ՈՒ դրանից մենք տուժում ենք, ոչ թե շահում: Անլուրջ, մակերեսային խոսակցություններ են: Այսօր Տիգրանը բարի գործ արեց, ցույց տվեց, որ մի սերմ ցանելով շատ առողջ մի քանի տերև է աճում, որից հետո էլի նոր սերմեր են լինելու: Ինչո՞ւ չանենք, ինչո՞ւ մեկս մյուսին ձեռք չմեկնենք,- ասաց զրուցակիցս, որի խոսքով` եթե անօթևան ընտանիքներ չունենայինք, բարեկեցիկ երկրում ապրեինք, գումարը կուղղեինք բնության պաշտպանությանը։ - Շատ բան կա անելու, ինչո՞ւ չանենք, անպայման կգտնվի կետ, որտեղ կարելի է ուղղել օգնությունը: Մենք շռայլ ազգ ենք, պարզապես այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ դեռ փորձում ենք մեր ներքին խոցերն ու ցավերը բուժել: Բայց եթե փորձում ենք բուժել, դա միայն գովելի է, քաջալերելի: Ես հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ եմ հետևում նման միջոցառումներին»:
Համերգի կազմակերպիչ Հայկ Բարսեղյանը Արմեն Մովսիսյանի քրոջ տղան է: Հետաքրքրվեցի` որևէ կերպ մասնակցելո՞ւ է երգահանը բարեգործական միջոցառումների:
«Ինչո՞ւ ոչ, բայց չեմ ուզում բարձրաձայնել»,- եղավ պատասխանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ